Եվրասիական մայրցամաքին անհրաժեշտ է անվտանգության նոր կառույց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը սկսելու լայնորեն քննարկել Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգը: Միևնույն ժամանակ հեռանկարում պետք է աշխատանք տանել Եվրասիական տարածաշրջանում արտաքին տերությունների ռազմական ներկայությունից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ»,- ասել է նա և հավելել, որ անվտանգության այդ համակարգը պետք է բաց լինի Եվրասիայի բոլոր երկրների համար։ «Բոլորի համար» նշանակում է, իհարկե նաև եվրոպական ու ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է Պուտինը։
Պուտինը նաև հայտարարել է, որ աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չէ «արևմտյան դիվանագիտության» զոհերի ցուցակը լրացնելուց։
Նրա խոսքով՝ արևմտյան պետությունների եսասիրությունն ու մեծամտությունը հանգեցրել են ներկայիս չափազանց վտանգավոր իրավիճակին:
«Մենք անընդունելիորեն մոտեցել ենք անդառնալիության կետին։ Աշխարհում ռազմավարական կայունությունը խարխլվել է Վաշինգտոնի կողմից: Անցյալ դարավերջին աշխարհն ուներ եզակի հնարավորություն՝ կառուցելու հուսալի անվտանգության համակարգ, Ռուսաստանի Դաշնությունը տրամադրված էր դրան, իսկ Արևմուտքն այլ կերպ էր մտածում։ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես մատնանշում էր Արևմուտքի կուրսի սխալ լինելը, ոչ միայն քննադատում էր, այլև լուծումներ առաջարկում։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս առաջարկել է բոլորի համար օպտիմալ միջազգային անվտանգության համակարգ ստեղծելու լուծումներ, սակայն Արևմուտքը անտեսել է նրա գաղափարները»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նաև հավելել է, որ անվտանգության ապահովման արևմտյան սխեման չի գործում, «ՆԱՏՕ-ական ոճի դիվանագիտությունը» հակառակ արդյունքն է տալիս։